ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

ԽՈՐԱՄԱՆԿԸ

ԽՈՐԱՄԱՆԿԸ
11.11.2011 | 00:00

Իվան ԻԼՅԻՆ

Բոլոր մարդիկ խորամանկ են, բացի, հավանաբար, այն հոգիներից, որոնք պարզամիտ ու սրտաբաց են կամ մանկան պես անմեղ։ Մեր խորամանկությունը ծնվում է բնազդից, ինքնապահպանման զգացումից և այն գիտակցությունից, որ շատ քչերն են իսկապես լավ տրամադրված մեր նկատմամբ, իսկ մեծամասնությունն էլ, ով գիտե, ինչպես է վերաբերվում մեզ։ Երկչոտ ծտի նման կամ վախլուկ քարայծի պես քայլում է մարդը կյանքի թավուտներում և զգուշանում է. նա չի ցանկանում կյանքը վտանգի ենթարկել, զննում է իր շուրջը, թաքցնում է սեփական մտադրությունները, պատրաստ է թաքնվելու հնարավոր թշնամիներից կամ ուղղորդելու նրանց սխալ ճանապարհով։ Դա հասարակ սոցիոլոգիական փաստ է, ու գուցե միայն դրախտում լինի այլ կերպ։
Այնուամենայնիվ, մեզնից ոչ ամեն մեկին կարելի է խորամանկ անվանել, խորամանկությունն էլ պետք չէ գերագնահատել։
Խորամանկը նա չէ, ով միշտ զգույշ է, այլ նա, ով սիրում է խորամանկությունը, ով վայելք է ապրում սեփական հնարքներից ու արարքներից, ով հավատում է խորամանկության «կենսաստեղծ իշխանությանը» և ընդունում է այն որպես «իմաստություն»։ Նա արհամարհում է սրտաբաց և շիտակ մարդկանց` նրանց համարելով ցանցառ ու տկարամիտ։ Նա զզվանք է զգում ուղիղ ճանապարհների, արևի պայծառ լույսի, ամեն մի համարձակ հաստատումի կամ ժխտման նկատմամբ։ Այդ ամենը նրան թվում է շատ «հիմար», իսկ «խելոք» կարող է լինել միայն ինքը` շատ մեծ խորամանկը։
Իրականում ամենևին այդպես չէ։ Խելոքն էլ կարող է լինել խորամանկ, սակայն խորամանկությունն ամենևին բանականության էությունը չէ։ Ընդհակառակը, երբ իսկապես խելացի մարդը դիմում է խորամանկության, իսկ դա պատահում է, նրա մեջ հաճախ զգացում է առաջանում, որ ինքը դեգրադացիայի է ենթարկվում, դառնում է մանրախնդիր և մանրոգի, հնարավոր է, նույնիսկ «ստոր», և դավաճանում է ճշմարիտ ճանապարհին։
Անկասկած, խորամանկը երբեք չի ընդունի այն բանաձևը, որ «խորամանկությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ չնչին ու հիմար մարդկանց համար խելքի փոխարինող»։ Չէ՞ որ նա «տեսաբան» չէ, որը զբաղվում է «ընդհանուր» և «սկզբունքային» խնդիրներով, դա նա թողնում է «դոկտրինյորներին» (կուրադավան մարդ), «փարիսեցիներին» կամ, ինչպես Նապոլեոնը արհամարհանքով կոչում էր նրանց, «իդեոլոգներին»։ «Իսկական տղամարդը», ի հակադրություն դրանց, գործնական մարդ է։ «Տիրապետել իմացության մեթոդով»` նրա համար չափազանց ձանձրալի է և անհասանելի։ Նա ուզում է նվաճել ու տիրել առանց ուսումնասիրելու, առանց որևէ բան իմանալու։ Նա ցանկանում է ընդհանրապես միայն օգուտ քաղել, նրա հետաքրքրությունների մեջ չի մտնում տարբերություն դնելը «վատ» և «լավ» միջոցների միջև. դրա համար նույնպես նա ժամանակ չունի։ «Լավը» նրա համար այն է, ինչը նպատակահարմար է, իսկ նպատակահարմար են (իր համար) զարտուղի ճանապարհները և գողաորջերը։ Նրան ձեռք է տալիս մթնշաղը, երբ դժվար է տարբերել գայլը շնից։ Նրան ձեռնտու են նրբանցքները, հաճույքով ընդունում է նա և հետնամուտքերը։ Երբ նա խոսում է, ապա երբեք չի նայում զրուցակցի աչքերի մեջ, եթե խոստանում է, ուրեմն արդեն գտել է «խելացի» ելքը։ Իսկ այնտեղ, որտեղ ոչ ոք չի կարողանում կողմնորոշվել, նա հաստատ մի բան կմոգոնի, մի բան կհորինի։
«Գործի» մասին նա քիչ գիտի, գործիմացության մասին խոսում է միայն հեգնանքով։ Նրա համար գլխավորը գործարքն է, ոչ միայն առևտրի մեջ, ինչը միանգամայն բնական է, այլև ընդհանրապես կյանքում, նա «ջանասեր» չէ, այլ պարզապես «կարիերիստ է։ Սեփական գաղափարները և համոզմունքները նա շատ լուրջ չի ընդունում։ Լյութերի հոյակապ և վեհանձն խոսքը` «Անսասան եմ իմ համոզմունքի մեջ ու չեմ կարող այլ կերպ», նա երբեք չի ըմբռնի։ Նա միշտ «կարող է» «այլ կերպ», ու հանկարծակի` «բոլորովին այլ կերպ»։ Կատարելով դա` նա չի մտածում դավաճանության մասին. նա դավաճանում է առանց մտածելու։ Նրա կյանքի հոսանքը տարածվում է հարյուրավոր փոքրիկ վտակներով հազարավոր մանր քարերի վրայով։ Եվ ինչքան նա մեծանում է, այնքան ավելի ճարպիկ ու խորամանկ է դառնում նրա հոգին։
Այնտեղ, որտեղ իշխում է այսպիսի «պետական գործիչը», ամբողջ կյանքը դառնում է շահամոլության ու խաբեության մեծարվեստ մի խառնահյուսվածք։ Այստեղ խիղճը լռում է. այստեղ կանգնած է «պետական բանականության» մեծ ժամացույցը. չեն ծաղկում մեծ գաղափարները, չեն օգտագործվում լայն ուղիները։ Եվ աստվածայինն անհետանում է կյանքից, որովհետև այնտեղ, որտեղ այդքան շատ խորամանկություն և խարդավանք կա, տիրում է այլ տարերք։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2120

Մեկնաբանություններ